Այսօր մի ակադեմիկ մակարդակի համար ինչ-որ բան տվեցին: Հավաքել էին բոլորին, մի լսարանում ու արարողություն էր գնում, իր բոլոր մանրուքներով, ֆորմալիզմներով: Արդեն երրորդ հաստատությունն է, որ ավարտում եմ ու ամեն անգամ խոր տհաճություն եմ զգացել վերջնական տոնակատարության հանդեպ: Տոնում են, որ ավարտեցին, իսկ հագնվել են կարծես թե, եկել են թաղման: Բայց չէ՞ որ դու ավարտում ես, ու արդյունքը քո մեջ ա, դու ես ավարտել, հենց դու, այդ ամենը այդ վերևի արկղի մեջ ա: Չեմ հասկանում ինչու՞ տոնել, ինչը՞ տոնել: Հագնվել են բոլորը հատուկ սև ու սպիտակ կամ էլ հատուկ շորերով, խի՞: Իսկ ես իմ սիրած թ-շըրթն էի հագել ու իմ սիրած ջինսը, ախր ունեմ էտ սև զիբիլից, բայց՝ պրինցիպներ: Հագել էի այն ինչը ինձ է դուր գալիս, պահում էի այնպես ինչպես զգում էի, ազնիվ էի ինքս ինձ հետ: Գնում, ձեռք սեղմում մի մարդու, որը չգիտեմ նույնիսկ ո՞վ է, ռե՞կտր, չէ՛, դեկան, կարծես նույնպես չէ՛, կարճ ասած չգիտեմ ովքեր էին, միայն մեկին էի ճանաչում: Ժպտում լուսանկարվելու համար, սեղմում մի ձեռք առանց աչքերի մեջ նայելու, գնում նույնքան ձևական ծափահարությունների տակ: Հավաքվել են ծնողներ ընկերներ, շնից շատ մարդ: Կողքինիս հետ զրույց բռնեցի, բողոքեց, որ դժվարությամբ է «համոզել» 4 հոգու բերել միջոցառմանը, գերմանացի էր: Կատակեցի ասելով, որ ես իմ տեղերը քեզ եմ տվել, այդ պատճառով խնդիր չի եղել: Ու՞մ կարող էի կանչել: Դե կարող էի կանչել ինձ, և եվ և կարծես թե, շատ կուզեի, որևէ բառ գտնեի, հորինեի դնեի, ավախ՝ չկա: Գիտեմ պետք ա թեթև տանեմ, չեմ տարել ու չեմ տանում թեթև, ու ակամա չեմ էլ ուզում, բայց դա լրիվ այլ պատմություն ա: Գնացի մի հատ խեղճ ու կրակ 30 գրամ տապակած հավի միս տվեցին: Ճնված էի զգում, ճնշված ոչ թե նրա համար, որ անհարմար էի զգում, կամ ամոթ էր, չէ, չէ ես էտ ամոթ կոչվածը վաղուցվանից եմ կորցրել: Գնացի մի խումբ հայերի մոտ, զգացի, որ չեմ ուզում մտնել իրենց ամբոխի մեջ: Գնացի գինի վերցրեցի, իբր թե հետ գալու մտադրությամբ, բայց ոտքերս ինձ տարան մարդկանցով զբաղեցված միջանցքներով զբոսանքի: Գնացի այդ աղմուկից մի փոքր դուրս, հենվեցի բազրիքին ու ստուգեցի հեռախոսս, իբր թե բան պետք ա լիներ: Քանի գնում այնքան սիրտս լցվում ա, ճնշվում եմ, ճնշվում եմ նրանից, որ ոչ թե չեմ հասկանում այս ձևականությունը, այլ նրանից թե ինչքան եմ ես այլ կերպ ընկալում ամենը: Ինչքան եմ ես տարբեր բոլորից, և ինչքան չկա այն մի հոգի էլ տարբերվողը: Հաջողություն ասեցի բոլորին ու փախա, փախա, որ գրեմ այս նույն սովորական աղբը: