Գեղեցիկի մասին ^_^
Գեղեցիկի մասին ^_^
Ինձ թվում էր ժամանակի հետ կկարողանամ համակերպվել, դառնալ այս մեծ խաղի մաս, խաղալ գործընկեր, խաղալ քաղաքացի, կամ էլ ուղղակի խաղալ տղա: Չեմ կարողանում: Չափից ավելի պարզ ա ամենը ու տգեղ, չկան մեծ գաղափարներ, նպատակներ անհասանելի: Ամենը պարզ ինստինկտներ, պարզագույն գրողի տարած ինստինկներ, քողարկված մարմնով, հոգեբանական բարդույթներով, խմբի հավաքական դրույթներով, ծածկված քաղաքակրթության արգասիքներով, իրականից փախչող, իրականը կոծկող, անհաջող թաքցնող կեղծ արժեքներով ու ավելորդ իրերով:
Չեմ կարողանում խաղալ ես այս խաղը:
Չեմ կարող ձևացնել, թե խաբվում եմ,
Ժամանկը անցնում ա ու ես չեմ կարողանում խաբել ընդհամենը ինքս ինձ՝ գրողի տարած հիմարիս,
Եվ դրանով զրկվում եմ ես բոլոր այդքան հաճելի կեղծիքից, չի ստացվում խաղալ,
Խաղալու համար պետք է չտեսնես,
Չիմանաս, թե ինչ է ընկալում հանդիսատեսը ու ինչպե՜ս,
Ինչի համար ես դու իրեն պետք,
Եվ ընդանրապես, որ գտնվում ես դու,
Հասարակության կողմից ստեղծված թատրոնում,
Որտեղ բոլորը բեմում են,
Ու չկա հանդիսատես,
Չկան աթոռներ, ու կա տարածք,
Եթե ուզում ես դիտես,
Պետք է ոտքի կանգնած ակնդրես,
Ամեն կողմ շարծում ու հարվածներ,
Որպեսզի հարվածներ չստանաս,
Կամ պիտի խաղաս,
Կամ էլ պիտի ամեն կողմից անընդհատ ստանաս։
Թվում է թե ամենը նորմալ է, ու ամենը այնպես, ինչպես որ պետք է լինի, ամեն դեպում միջավայրն այդպես է արձագանքում, բայց իմ ընկալումն է փոխվել: Իսպառ բացակայում ա հաճույքը: Ժամանակն անցում է ու հարյուրավոր կադրեր եմ ֆիքսում իմ հեռախոսում, բայց բոլորն էլ դատապարտված են հենց այդ նույն հեռախոսում մահանալու, այդպես էլ մնալով որպես 1 ու 0 ինձ համար նախատեսված, մի հիշեցում իմ իրականության: Իմ անմիջական շրջապատում, չկա որևէ մեկը որի հետ առանց մտածելու, առանց պլանավորման կուզեմ հանդիպել ու շփվել, իսկ այն մարդիկ որոնց հետ ես կուզեմ շփվել այնտեղ են, որտեղի մուտքի մոտ դահիճ է կանգնած բութ կացինով, կամ էլ եթե նույնիսկ «ստիպել» հավանականությանը աշխատել իմ օգտին, այդ ճանապարհին այնքան գրավիչ հեշտ ճանապարհներ կան նրանց համար, չէ՞ որ պետք է միայն փակել աչքերը ու վայելել մեղեդին և գրողի ծոցը գաղափարները, չէ՞ որ մեր միակ խնդիրը ինստինկտների բավարարումն ա, իսկ դա պարզագույն խնդիր ա, եթե չես շարժվում մտքով: Իսկ իրականում հենց իմ դեպքում էլ, այնքա՜ն հեշտ ա լուծումը ու հենց իմ կողքը, պետք է միայն համաձայնվել հեշտ լուծումին, որ ես գրել եմ չհրապարակված գրառումներում: Իսկ ես ընտրում եմ բարդն ու գեղեցիկը ու իմ կեղտի մեջ մտցնում ուրիշներին, իսկ իրականում պետք ա ճիշտ տեղին մի մատով քնքուշ դիպչել ու կկորչեն այս խնդիրները գրողի ծոցը ու կկորչեն իմ մտքերն ու տեսությունները ու չի լինի կեղտ ու նրա մեջ թաղված ես ու այլոք: Իսկ քանի դեռ չկա մատի հպումը, քանի դեռ էմոցիաները պրոյեկտվում են կետադրական նշանների, իսկ մտքերը դրվում նույն հարթության մեջ, քանի դեռ ամենը տեքստ ա, իսկ կարեւորը՝ միայն գուշակություն, քանի որ մենք հեռու ենք, ամենը ուզես չուզես նմանվում ա ցուցակի, տողերի, կատարվելիք պլանի մեջ: Հոգնել եմ պլանով գործելուց, ուզում եմ հոգով-սրտով ինչպես ժամանակին, իսկ եթե ոչ այդպես ապա խնդրում եմ լքել իմ նավը իմ կեղտի մեջ, իսկ եթե չգնաք, ես կվռնդեմ ձեզ: Չեմ ուզում վատնել Ձեր ժամանակը հիմարության վրա: Ես եմ դիրիժորը և նվագախումբը այս ռեքվիեմի և փտում եմ ես ու այս ճահիճից ես ինքնուրույն ելք չունեմ: Ինչքան ուշ այնքան երբեք:
Էն շաբաթվանից
շարժում, քանդակ, դաշտեր ու ձորեր,
խոսքեր, շարժում, աղմուկ, օտարում,
լռություն, փախնող հայացքներ,
վիրավորանք ու լռություն, փախնող հայացքներ,
արդարացում ու անհարմար դրություն,
օտարացում ու լռություն, աղմուկ, շխկոցներ,
ու լռություն, դղյակ, անտառներ ու լռություն,
լռություն, լռություն…,
— Լոգիկա չկա քո ասածի մեջ
— Ո՞նց չկա
— Տրամաբանական չի, նայի, մի տարի ստեղ լավ փող հավաքի, գնա քո համար ապրի, լա՞վ չի
— Չեմ դիմանա էդքան
— Հիմարության ա հիմա գնալը: Գնալու ես քեզ միանգամից տանեն:
— Էդգոնե մի քիչ կապրեմ
— Չես պարելու, տանելու են
— Ավելի լավ ա քան ստեղ
— Որ տարան դու ընդեղ դիմացողը չեսձ Ավելի լա՞վ չի, ստեղ մնա, է՛ն ա, լավ էլ գործ ես անում
— Ի՞նչ ես ասում, ես ստեղ չեմ ապրում, էսօր կամ, վաղը չկամ
— Տրամաբանական չի քո ասածը
— Ինչը՛ չի տրամաբանական: Ստեղ երկու ամիս եմ ապրելու մաքսիմում, ընդեղ հինգ: Հինգը շատ ա երկուսից: Ի՞նչն ա անտրամաբանական, հինգ ամիսը նախընտրում եմ երկու ամսին, լրիվ տրամաբանական ա:
Փայլող աչքերով նայում ա ժպիտով վրաս: Տենց էլ չընդունեց, որ հինգը մեծ ա երկուսից:
Ոչինչ ես կսպասեմ,
Սառնությամբ ես կլռեմ,
Կլռեմ ու կդիտեմ ես ձեզ:
Ու եթե մի օր հանկարծակի ես զարթնեմ,
Ու լինեմ կենդանի ես պատահաբար,
Թեկուզ անդամալույծ ու վնասված …
…
Դու ուղղակի բռնվիր,
Ամրագոտին էլ կապիր,
Կամ էլ իջիր
Զզվում եմ գնացքով ճամփորդելուց: Չեմ սիրում, քանի-որ բացի նստել սպասելուց ուրիշ ոչինչ չեմ կարող անել: Նստել ու զմայլվել պատուհանի մյուս կողմով: Ուզում եմ փախչել այստեղից: Թողեք ինձ դուրս: Այնտեղ, որտեղ թուխպ է, այնտեղ, որտեղ օդը թանձր է ու սառեցնում է դեմքդ, մտնում շորիտ տակ, մաշդ փշաքաղվում, մարմինդ իր գոյությունը գիտակցում: Այն թուխպը, որի ամեն սմ³ ծավալը զգում ես ներս քաշելիս: Այնտեղ, որտեղ ամեն սանտիմետրը, ամեն քայլը ունի արժեք, որտեղ քայլ ես դնում քամուն ընդառաջ, ճակատդ ցցած: Մռնչում է քամին, մռնչում ես դու ու դնում հաջորդ քայլը: Դուրս՝ որտեղ ամեն քայլը վեր հանդիպում է լռության: Քայլը դնում ես սարն ի վեր, ու սրտիդ զարկերի միջից լսվում է քեզնից դուրս պոռթկող օդի ձայնը: Լսում ես դու, լսում է սարը: Այնտեղ, որտեղ դրած քայլը տանում է քեզ առաջ՝ դեպի վեր: Գնում է համառ լռության մի պայքար՝ դու ու բնությունը: … Իսկ այստեղ կարող եմ միայն նստել, սպասել ու լսել:
Այս ճամփորդությունը նման է իմ կյանքին: Այլ ելք չունեմ քան սպասելը: Մետաղական մի վանդակ, վերջին վագոն, Գաուսի վերջում դատապարտյալների համար մի վագոն, մի ես: Մի վանդակ, որ սլանում է առաջ և ես ոչինչ անել չեմ կարող: Դատապարտել եմ ինձ այս սլացող բանտին: Իհարկե ես կփորձեմ համոզել գնացքավարին շեղել ուղին, փոխել գիծը, բայց նրանից ոչինչ կախված չէ, դժվար թե ստացվի: Կփորձեմ դուրս ցատկել գնացքից: Ցատկել այնպես, որ չվախվեմ հոսանքատար սյուներին: Պետք է փորձեմ, քանի-որ այս գնացքը սլանում է կամրջի վրայով: Մեկ էլ տեսար ստացվի ցատկել մինչ կամրջի սկսվելը:
Նստել ենք գրեթե ամբողջ խմբով ու համարյա թե սկսել էինք սնվել, երբ նկատեցին, որ մեկը պակասում ա։ Սպասում ենք… հետևից մարդ ուղարկեցին, գտան։ Գալիս ա… Նայում են ուտելիքին, աչքերը փախցնում։ Պատառաքաղի վրայի սալաթից ֆրանսիական սուուսն ա կաթում։ Սպասում ենք գա, մեկը իր ամաներն ա վերաբաշխում… մեկը… Ահա՛ նա երևաց, նա մոտենո՛ւմ ա։ Սթեդի, նա արդեն մի քանի մետրի վրա ա, սթեդի, սթեդի, նա սեղանի մոտ ա, նա սկուտեղը սթեեեդի սկսեց իջա… սթեեդի, կռացավ, նա սկուտեղը սկսեց իջեցնել… հայացքներ մեկը մյուսի վրա ուղղված, մեկը չդիմացավ… ՖԱ՛Ս աղրղրղրրղ
Եկ մինչև այն, երբ կբախվեն մեր տիեզերնքները և կմիաձուլվեն մեր գալակտիկաները ու նրանց անհամար աստղերի անհուն սպեկտրերը, մինչ կսկսեն քիմիական ռեակցիաները և ճուտը ջարդելով իր տան կեղևը կքաշի իր առաջին շունչը, մինչ մենք ամբողջ սիրով իրար կվիրավորենք, իսկ վերջում կժպտանք, եկ մի խաղ խաղանք: Եկ մի բան փորձենք, մեկ էլ տեսար ստացվի: Եկ իրար խոստանանք չխաբել, ուղղակի լինենք անկեղծ թե ինչից ենք վախում, ինչն ենք սիրում, ինչից ենք փախչում, եկ չխաղանք ընդունված դերը, ցույց տանք այն ինչ որ կա ու եթե անգամ ոչինչ էլ չստացվի: Եկ բացվենք մեկ-մեկու առաջ ու նայենք իրար աչքերի մեջ ու փորձենք հավերժ մնալ լուրջ ու ջղայն ու չժպտանք ու մեկիս դեմքին կհայտնվի մի ջղաձիգ կենդանություն ու հետո մի փայլող աղաջրի կոր կոպի վրա, իսկ հետո այդ անհարմար, հիմար դրությունից ապուշի պես ժպտանք ու այդ անկեղծությունից թաքցնենք փալող մեր աչքերը մեկը մյուսից: Դեմքը թաղենք ձեռքերի մեջ՝ փորձելով թաղել այն ամբողջությամբ: Եվ այդ ժամանակ խախտելով իմ ու քո իրար տված չհետախուզելու համաձայնությունը՝ գողանանք մեկս մյուսի աչքերի մնացորդները՝ կողքի գծերը, ժպիտի մնացորդները՝ կողքի ծալքերը: Հենց այն կողքի ծալքերը, որ գլուխը թեքելիս, մինչև ձեռքերում թաղելիս, կողքինից թաքցնելիս, այդ արևոտ շողքում սուզելիս… թաքցրեցիր դու քո գեղեցկությունը կողքինից, վաղվան էլ թողելու համար, վաղն էլ ցանկալի լինելու համար: ջնջած տեքստ
Չգիտես ինչու միշտ դեպրեսսիայում գտնվող մարդը ներկայացվում ա որպես զոհ, խղճուկ մի էակ։ Համարվում ա, որ դա անցողիկ բան ա։ Բայց չէ՞ որ դեպրեսսիան կարող ա լինել ընտրություն, բացատրեմ։ Գուցե տվյալ անձը ունի որոշակի պահանջներ, և չի պատրաստվում ադապտացվի միջավայրին։ Գուցե տվյալ անձը քամելիոն չի, կամ էլ ճիճու։ Գուցե տվյալ անձը մի կաթիլ ինքը իրեն հարգում ա։ Գուցե տվյալ պահվացքը ունի հիմնավորում։ Իսկ միգուցե գաղափարը ավելի բարձր ա քան մի հոգու լավ զգալը, դեպրեսսիայից դուրս գալը։ Չէ՞ որ միտքը բոլորինն ա, իսկ մարմինը ընդամենը մեկին, ընդամենը մսի կտոր։ Գուցե միտքը կարող ա լինի դոմինանտ։ Իսկ գուցե մարդ բանականը պետք ա լինի բանակա՞ն։ Հասկանում եմ անակնկալ միտք ա։ Ո՞վ ա լսել, որ բանականը նշանակի բանական, ճիճո՞ւ չի նշանակում։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ հարգել մարդու, որը ինքն իր մտքին դավաճանել ա, հարմարվել ա միջավայրին։ Նախորդ նախադասությունը ռեալ կյանքում կիրառում չունի, կարդացեք աբստրակտ իմաստով։ Հավանաբար ես էլ մի օր կդավաճանեմ ինքս իմ մտքին ու չեմ էլ զգա թե ինչպես, բայց դե մինչև էտ շատ կռիվ ա լինելու իրականության հետ, թողեք մեծ-մեծ խոսամ ։Պ (հետո երեսովս կտաք, կուրախանաք), մեկ էլ տեսար իսկապես կենդանի մնացի հավատարիմ մնալով ինքս իմ մտքին։
Մինչ սկսելը հարկ եմ համարում ներողություն խնդրել փիլիսոփայությունից բան հասկացողներից, ոչ ճշգրիտ և սխալ տերմինների ընտրության համար։ Կարդալուց խնդրում եմ լինել ներողամիտ, քանի որ գրողը դիլետանտ է։
Նիցշեն գրում է, որ բարոյականությունը հոտի(խմբի) ինստինկտն է ինդիվիդուալի համար։ Ամբողջ օրը ինձ այս միտքը այդպես էլ հանգիստ չթողեց։ Կարծում եմ, որ բարոյականության միայն մի կողմն է, որ նպատակ ունի ծառայել հոտի կարծիքին։ Այո՛, անշուշտ յուրաքանչյուր ոք սերտում է բարոյականության չափանիշները միջավայրից։ Ապրելով հասարակության մեջ, կուտակելով փորձ, անձը գիտակցում է բարոյականության եզրերը, որը ազդվելով, ֆիլտրվելով սեփական կենսաբանական և հոգեբանական կանխադրույթներով ձևավորում են որոշակի պահելաձև։ Նիցշեի այս պարզ ինստիկների վրա հիմնված բացատրությունը ինձ մռայլ է թվում։ Գտնում եմ, որ այս մռայլ երանգավորումը մասնակի է ճիշտ։ Ըստ իս, բարոյականությունը կարող է ծառայել ավելի կոմպլեքս, սոցիալ-հոգեբանական ինստինկտներին, ինչպիսին են՝ արդարությունը, ոչ սխալ բառ եմ օգտագործում, ոչ թե արդարությանը՝ որը սուբյեկտիվ է, այլ հավասար նախնական պայմաններին, արդար «խաղին»։ Մեկ այլ նման արժեք կարող է լինել օրինակ՝ փոխադարձ հարգանքը՝ անձեռնամխելիությունը, այսինքն՝ ապրիր չվնասելով այլոց (և այլ սկզբունքներ արևելյան փիլիսոփայությունից և էթիկայից՝ դաոսիզմ, տաոիզմ ևն)։ Սրանով մենք սահմանում ենք բարոյականությունը, ոչ թե կոմպլեքս կենդանական ինստինկտների հիման վրա, այլ որպես բազիս ընդունում ենք իդեալներ, որոնք ըստ իս արդի հասարակության մեջ հանդիսանում են հենասյուն, թեկուզ և չգիտակցված։