Վերջին օրն էր իմ սարերի ետևում լինելու: Հավաքվել էինք ընկերոջս և իր կնոջ տանը մի քանի հոգով, վերջին հանդիպման, ինձ բարի ճանապարհ ասելու: Հետս պետք է երկու շիշ փոքր կոնյակ տանեի: Ճանապարհին գնել էի և տարել իմ հետ իրենց տուն, հետագայում տուն վերադառնալիս տանելու համար: Ինչպես միշտ հանդիպումը շատ լավ անցավ: Հաճելի ժամանակ անց կացրեցինք՝ խոսեցինք, ծիծաղեցինք, նոր ընդհանուր պատմություն ստեղծեցինք: Մի քանի ժամ էր մնացել մինչև մեկնումը: Չէի ուզում գնալ: Նույնիսկ ճամպրուկս չէի հավաքել: Հեռախոսը զանգեց, տնեցիք էին, ասում էին, որ ուշանում եմ: Հաջողություն ասեցի, գրկեցի բոլորին ու գնացի խոստանալով նկարները տեղ հասնելուն պես բեռնել ամպ: Գնացի տուն պարզվեց կոնյակները մոռացել եմ ընկերներիս տանը: Բարեբախտաբար նույն համայնքում էինք ապրում: Գնում էի արագ, գնում ուրախությամբ, չէ՞ որ ընկերոջս եմ կրկին տեսնելու: Մի ժամ էլ չէր անցել նախորդ հանդիպումից: Զգացի, որ քայլելը քիչ է, սկսեցի վազել: Նա գալիս էր ինձ ընթառաջ տոպրակը ձեռքում: Գալիս էր ինչպես միշտ իր նման, նման հենց ինքը իրեն: Եկավ վերցրեցի տոպրակը սպասվում էր, որ պետք է ամեն մեկը գնա իր ճանապարհով՝ նա իր սիրելի կնոջ մոտ, ես էլ իմ գրողի ծոցը: Այքան դժվար էր համակերպվել, որ պետք է գնամ: Խոսակցության բռնվեցի, ձգում էի ժամանակը, մի փոքր էր այդ թանկագին մարդու հետ խոսելու համար: Չէ՞ որ իրեն հավանաբար տարիներով այլևս չեմ տեսնի: Իհարկե կային պլաններ հանդիպելու ամռանը: Կա՛մ իրենք կգային մեր կողմերը, կա՛մ էլ ես մոտ մեր սարերին: Միևնույնն է պետք էր գնալ, նրան իր կինն էր սպասում: Գրկեցի նրան, մի բան էլ ասեցի: Ակնհայտ անքաղաքավարի էի վարվում, ձգձգելով այդ կեսգիշերից այն կողմ հանդիպումը: Փողոցի լռությունը քնքշորեն շոյում էր ականջս: Հեռվում ոստիանության խուլ ազդանշանը լսվեց: Քաղաքավարությունից դրդված մեկ անգամ էլ համաձայնվեց գրկախառնվել: Անկախ ինձնից արցունքներ հայտվեցին աչքերումս, թաքցրեցի, կարծես թե ստացվեց: Նրա համար այս ամենը ուղղակի տարօրինակ էր: Չէ, որ նրա համար մեծ հաշվով ոչինչ չէր փոխվում: Նրան սպասում էր իրեն սիրող կինը, և բարեկամները 10 կմ այն կողմ, և հարևանները որոնց հետ կռվել են նրանց ջրելու համար: Իսկ ես իմ վերացական աշխարհում էի: Իսկ ինձ սպասում էր իմ հերթական սխալը: Իմ ճամպրուկը լի իրերով ոչ մեկի համար: Նրա՛, որին ես համառորեն չէի ուզում ընդունել որպես օտար: Իսկ տանը սպասում էր մի այլ իրականության հետ բախում՝ Սփռոցը: Իսկ 9 ժամ անց ինձ սպասում էին սպասասրահը, որտեղ ընկերուհիները ծաղիկներով դիմավորում էին իրենց տղամարդկանց, իսկ տղամարդիկ՝ կանանց, ընտանիքները երեխաներին: Քայլում էի մարդկանց միջով՝ սպասելով տեսնել այն ժպիտը, կամ էլ կիսահիասթափված խոսքը. «Ի՞նձ չտեսար, այնտեղ էի կանգնած: Ո՞նց ես …:» Միացրեցի հեռախոսս ու հայացքս ընկղմեցի էկրանի մեջ, կարծես թե դա ավելի հավանական էր սարքելու ոչ մեկի հայտնվելը, կարծես թե, դա ավելի հաճելի էր սարքելու ոչ մեկի հայտնվելու դեպքում, մեր հանդիպումը: Ամբողջ տուն տանող ճանապարհին, գնացքում, հայացքս չէի կտրում հեռախոսիցս, չէ՞ որ քանի դեռ չես նայում շրջակայքումդ ով կա, չգիտես նա կա, թե՞ չկա: Իսկ նա չկար: Նա երեկվա փարթիից հետո խոր քնած էր: Իսկ իմ ճամպրուկը գրեթե ամբողջությամբ նրա համար էր: Նա ընդունեց ամբողջը ու ոչինչ չտվեց:
Տարուց ավել է անցել, գրողը տանի, տարուց ավել, իսկ ես նույն տեղում եմ դոփում: Ծիծաղել կարելի ա, նույնիսկ պետք ա: