Զզվում եմ գնացքով ճամփորդելուց: Չեմ սիրում, քանի-որ բացի նստել սպասելուց ուրիշ ոչինչ չեմ կարող անել: Նստել ու զմայլվել պատուհանի մյուս կողմով: Ուզում եմ փախչել այստեղից: Թողեք ինձ դուրս: Այնտեղ, որտեղ թուխպ է, այնտեղ, որտեղ օդը թանձր է ու սառեցնում է դեմքդ, մտնում շորիտ տակ, մաշդ փշաքաղվում, մարմինդ իր գոյությունը գիտակցում: Այն թուխպը, որի ամեն սմ³ ծավալը զգում ես ներս քաշելիս: Այնտեղ, որտեղ ամեն սանտիմետրը, ամեն քայլը ունի արժեք, որտեղ քայլ ես դնում քամուն ընդառաջ, ճակատդ ցցած: Մռնչում է քամին, մռնչում ես դու ու դնում հաջորդ քայլը: Դուրս՝ որտեղ ամեն քայլը վեր հանդիպում է լռության: Քայլը դնում ես սարն ի վեր, ու սրտիդ զարկերի միջից լսվում է քեզնից դուրս պոռթկող օդի ձայնը: Լսում ես դու, լսում է սարը: Այնտեղ, որտեղ դրած քայլը տանում է քեզ առաջ՝ դեպի վեր: Գնում է համառ լռության մի պայքար՝ դու ու բնությունը: … Իսկ այստեղ կարող եմ միայն նստել, սպասել ու լսել:
Այս ճամփորդությունը նման է իմ կյանքին: Այլ ելք չունեմ քան սպասելը: Մետաղական մի վանդակ, վերջին վագոն, Գաուսի վերջում դատապարտյալների համար մի վագոն, մի ես: Մի վանդակ, որ սլանում է առաջ և ես ոչինչ անել չեմ կարող: Դատապարտել եմ ինձ այս սլացող բանտին: Իհարկե ես կփորձեմ համոզել գնացքավարին շեղել ուղին, փոխել գիծը, բայց նրանից ոչինչ կախված չէ, դժվար թե ստացվի: Կփորձեմ դուրս ցատկել գնացքից: Ցատկել այնպես, որ չվախվեմ հոսանքատար սյուներին: Պետք է փորձեմ, քանի-որ այս գնացքը սլանում է կամրջի վրայով: Մեկ էլ տեսար ստացվի ցատկել մինչ կամրջի սկսվելը: